Մերձավոր արեւելքի խաղաղ գործընթացի վերսկսման պայմանավորվածության շրջանակում Իսրայելը համաձայնել է ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալների խմբին։ Սակայն հրեական պետությունը զիջումների չի գնացել սկզբունքային՝ վերաբնակեցման եւ սահմանների հարցերում, հայտնել է ռազմավարական պլանավորման նախարար Յուվալ Շտայնիցը։
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները համաձայնեցրել են խաղաղ բանակցությունների վերսկսման պայմանները եւ առաջիկայում մնացած վիճելի հարցերի կարգավորման համար կհանդիպեն Վաշինգթոնում։
«Բանտարկյալների մի մասն ազատ կարձակվեն, չեմ ցանկանում թիվ նշել, բայց ոմանք ծանր հոդվածներով տասնյակ տարիների դատապարտվածներ են», - ասել է Շտայնիցը։
Պաղեստինյան կողմի հիմնական պահանջներից էր Իսրայելի բանտերից հայրենակիցների ազատումը, առաջին հերթին նրանց, ովքեր բանտում էին հայտնվել 1993թ. Օսլոյի համաձայնագրից առաջ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ազատություն կստանան 300-ից ավելի բանտարկյալներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պաղեստինցիները, ըստ նախարարի, համաձայնել են նվազագույնն ինն ամիս խաղաղ բանակցություններ վարել եւ զերծ մնալ միջազգային ասպարեզում հակաիսրայելական նախաձեռնություններից։





























