Համայն ադրբեջանցիների հայր Ալիեւի հուշարձանը քիչ է մնացել հայտնվի Մամայեւ կուրգանի հարեւանությամբ։ Նման փաստից վրդովված վոլգոգրադցիները պահանջել են դադարեցնել այգու «բարեկարգման աշխատանքները»։
Պարզվել է՝ բարեկարգման աշխատանքների, առավել եւս՝ հուշարձանի տեղադրման թույլտվություն չի տրվել։
Ռուսական լրատվամիջոցները վկայակոչելով՝ virtualaz.org-ը գրում է, որ Վոլգոգրադի դատախազությունը ստուգել է Մամայեւ Կուրգանի հարեւանությամբ «Բաքվի այգու» կառուցապատման վերաբերյալ տեղեկությունը։ Պարզվել է՝ այգում կառուցապատման աշխատանքներն ապօրինի են կատարվում՝ առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու, իսկ Վոլգոգրադի Կենտրոնական շրջանից բարեկարգման աշխատանքների թույլտվություն չի տրամադրվել։
Ավելին, վերոնշյալ օբյեկտը ցանկանում են կառուցել ստորգետնյա գազաբաշխիչ ցանցերի պահպանվող գոտում։
Քանի որ իշխանությունների կողմից ապօրինի շինարարությունը դադարեցնելու քայլեր չեն ձեռնարկվել, Վոլգոգրադի դատախազությունը հայտնաբերված խախտումների մասին հայտնել է Վոլգոգրադի քաղաքապետի պաշտոնակատարին եւ բարձրացրել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Բացի այդ, դատախազությունը նախարարությունից եւ շինարարության վերահսկողության ծառայությունից պահանջել է հարցի վերաբերյալ ստուգումներ անցկացնել եւ հարկ եղած միջոցառումները ձեռնարկել։




























