27-ամյա Հովհաննես Հ.-ն մեղադրվում է այն բանում, որ փողոցում տեսնելով իր ծանոթուհուն, սպառնալիքով եւ բռնությամբ առեւանգել է նրան, տարել ամայի տարածք ու ավտոմեքենայի սրահում բռնաբարել: Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ըստ գործի նյութերի՝ 27-ամյա Հովհաննես Հ.-ն տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ Կ. Բ.-ին, վերջինիս առեւանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել Կ. Բ.-ի մեջքին որպես զենք: Այնուհետեւ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, նա աղջկան նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել Նուբարաշեն 6 փողոցի մոտակայքում գտնվող ամայի տարածք եւ ավտոմեքենայի սրահում բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առեւանգելը, որը զուգորդվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածն էլ պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























