Սեւանի ափին հանգստանալու ժամանակ Վարդան Գ.-ն դանակահարել է երկու երիտասարդի: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Վարդան Գ.-ն, Եսայի Ղ.-ն, Գագիկ Ա.-ն, Վահե Ս.-ն, Էդգար Մ.-ն, Պողոս Մ.-ն Սեւանի ափին հանգստանալու ժամանակ վիճաբանել են Արսեն Բ.-ի եւ Անդրանիկ Խ.-ի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել ու հրել նրանց: Բացի այդ Վարդան Գ.-ն վիճաբանել է Վարդան Մ.-ի եւ Արսեն Բ.-ի հետ, որի ընթացքում Վարդան Գ.-ն սուր կտրող, ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է Վարդան Մ.-ի կրծքավանդակին եւ Արսեն Բ-ի որովայնին, վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածք:
Անդրանիկ Խ.-ն իր հերթին գետնից վերցրած քարով հարվածել է Վարդան Գ-ի գլխին՝ պատճառելով թեթեւ վնաս: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վարդան Գ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով:
Եսայի Ղ-ի, Գագիկ Ա-ի, Վահե Ս-ի, Էդգար Մ-ի, Պողոս Մ-ի դեմ եւս քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարդան Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Դատական քննությունը նշանակվել է հուլիսի 24-ին:




























