57-ամյա Լեւոն Խ.-ն եւ 50-ամյա Օգսեն Մ.-ն մեղադրվում են նախնական համաձայնությամբ «Սթար» սուպերմարկետից տարբեր արժողության վիսկիներ եւ կոնյակներ գողանալու մեջ: Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Լեւոն Խ-ին եւ 50-ամյա Օգսեն Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով, իրար հետ առեւտուր կատարելու դիտավորությամբ մուտք են գործել Բաշինջաղյան փողոցի 188/6 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետ, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր արժողության վիսկիներ` պատճառելով ընկերությանը զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, մեկ այլ ժամանակ, նորից մուտք գործելով նույն սուպերմարկետը, նրանք գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կոնյակներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում, գողությունն ավարտին չեն հասցրել:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Դատական քննությունը նշանակվել է հուլիսի 30-ին:




























