«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդաշարի վարող, «Խաղից դուրս» սերիալի եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված դերասանուհի, բնակարանային խարդախությունների կրկնակի զոհ դարձած Գայանե Ասլամազյանի տներից մեկի հարցը լուծվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ դերասանուհին:
Ավելի քան 5 տարի առաջ նա Ամիրյան-Զաքյան խաչմերուկում կառուցվող շենքում գնել էր բնակելի տարածք, սակայն մինչ օրս չի ստացել այն: Բնակելի տարածքը գնելուց հետո այն անձը, ում հետ պայմանագիր էր կնքել, ավտովթարի արդյունքում մահացել էր: Հետագայում, ինչպես նման դեպքերում է արվում, ամեն ինչ սառեցվում է, մինչեւ պատասխանատու անձինք ի հայտ գան:
Արդյունքում, երկար տարիների լռությունից հետո, դերասանուհին ոչ իր բնակարանն էր ստացել, ոչ էլ վճարած գումարը, եւ նույնիսկ չէր կարողանում դիմել դատարան, քանի որ չգիտեր, թե ում դատի տար, տարիներ շարունակ փնտրում էր պատասխանատուներին եւ չէր կարողանում գտնել: Գայանե Ասլամազյանը նշեց, որ բնակարանը դեռ չի ստացել, քանի որ մի շարք աշխատանքներ դեռեւս անավարտ են, բայց ուրախալին այն է, որ բոլոր փաստաթղթային հարցերը լուծվել են, նա արդեն իր բնակարանի սեփականատերն է:
«Երբ հարցը բարձրացավ, պարզվեց, որ այն պետական ատյանների ուշադրության կենտրոնում է, եւ փաստաթղթերով բնակարանն արդեն իմն է: Համարում եմ մեծ ձեռքբերում, որովհետեւ այսքան տարիների ընթացքում գոնե ինչ-որ առաջխաղացում եղավ: Չգիտեմ, թե երբ աշխատանքները կավարտվեն, ոչ էլ հետաքրքրվում եմ, դեռ անհայտ է, կարեւորն այն է, որ արդեն բնակարանը իմն է: Արդեն այնքան երկար եմ սպասել, որ պրոֆեսիոնալ սպասող եմ դարձել»,- ասաց դերասանուհին:
Դեռեւս հայտնի չէ Աջափնյակում նոր կառուցվող շենքում իր գնած մյուս բնակարանի ճակատագիրը: Դերասանուհին պատմեց, որ այս դեպքում մի բնակարանը մի քանի անձի վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ընթանում է դատավարություն, մինչեւ այն չավարտվի, իր քաղհայցը չեն քննի: Իսկ նա դիմել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:
Դերասանուհին նշեց, որ այժմ վայելում է իր ամառային արձակուրդը, ապրում է եղբոր տանը, երկրից արտագաղթելու ցանկություն չունի, շատ է սիրում իր երկիրը:
Նշենք, որ «Ժողովուրդը գրել էր, թե «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ այն օրերից, երբ պարզվեց, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց բացահայտվել է, որ նույն բնակարանը վաճառված է եւս մի քանի հոգու: ««Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատերեր էլ ունի: Այժմ հարուցված քրգործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական եւ նախավճարի պայմանագրեր, գանձել 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ գումար եւ հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում էր նաեւ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը»,- գրել էր «Ժողովուրդը»:




























