NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական France-Presse գործակալության հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան GlobalPost կայքում:

Գնալով ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են ուղեւորվում առանձնացած այս տարածք, որը չի ճանաչված որեւէ երկրի կողմից, նշելով, որ իրենք տեսնում են պատերազմից վիրավոր պատկերի հակառակ կողմը:

Տուրիստական խմբի հետ շրջելով տարածաշրջանի ամենախոշոր քաղաք Ստեփանակերտում, որտեղ զբոսաշրջիկներ կան տարբեր վայրերից՝ Թունիսից մինչեւ Թայվան, ֆրանսիացի ատամնաբույժ Ժորդան Նաումը նշում է, որ թեեւ ինքը գիտեր Լեռնային Ղարաբաղի արյունալի անցյալի մասին, սակայն ապշել է նրանով, ինչ այնտեղ տեսել է:

«Մարդիկ շատ լավն են եւ բաց»,- France-Presse գործակալությանը պատմել է 23-ամյա Նաումը՝ կանգած զբոսաշրջային կախազարդեր վաճառողների կողքին: «Այստեղ շատ անվտանգ է, եւ ես շատ զբոսաշրջիկներ եմ տեսնում տարբեր երկրներից: Ես այստեղ ինձ վտանգված չեմ զգում»,-ասել է նա:

Տեղի իշխանությունները գումարներ են ներդրվել իրենց երկիրը միջազգային զբոսաշրջային տոնավաճառներում ներկայացնելու համար: Նրանց խոսքով՝ այդ քարոզարշավը տալիս է իր պտուղները: Տեղի իշխանությունները նշում են, որ վերջին մի քանի տարիներին օտարերկրյա այցելուների թիվն աճել է տարեկան 40 տոկոսով, իսկ 2012-ին օտարերկրյա զբոսաշրջիկներից թիվը (չհաշված հսկայական հայկական սփյուռքը) անցել է 15 500-ից:

Ադրբեջանը կտրականապես դեմ է զբոսաշրջության զարգացմանը Ղարաբաղում, որը այդ երկրի կարծիքով գտնվում է անօրինական օկուպացիայի տակ:

Յուրաքանչյուր մարդ, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանից մտնող ավտոճանապարհով,  կարող է հայտնվել Բաքվի սեւ ցուցակում: Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացմանն ուղղված քայլերը, որը կխթանի Ստեփանակերտի կապն արտաքին աշխարհի հետ, բերել են պատերազմի վերսկսման սպառնալիքների: Սակայն նրանք, որոնք կհամարձակվեն այցելել Լեռնային Ղարաբաղ, տուրօպերատորները պնդում են, որ շատ բան կա, որով կարելի է գրավել զբոսաշրջիկներին: Այստեղ շատ գրավիչ լեռնային տեղանք է՝ անտառներով ծածկված սարերով ու բլուրներով:

Որոշ այցելուների համար դա բավարար է: «Էքստրեմալ տուրիզմ նախընտրող մարդիկ ուզում են մեկնել շփման գիծ, բայց մենք բացատրում ենք, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ կան ականապատված դաշտեր»,-ասել է «Սաթի» տուրգործակալության մենեջեր Գոհար Հովհաննիսյանը:

Չնայած տարածաշրջանի ապագայի անորոշությանը, զբոսաշրջիկները, ինչպես օրինակ Լեհաստանից Անդրեյ Խոյնովսկին, ասում են, որ իրենք իրենց ընկերներին խորհուրդ կտան այցելել այստեղ եւ լրացուցիչ ուշադրությունը կարող է օգնել Ղարաբաղին առաջ ընթանալ: «Նրանք հակամարտությունը պետք է լուծեն խաղաղ ճանապարհով, բայց միաժամանակ նրանք չպետք է խոչընդոտեն զբոսաշրջիկներին ճանապարհորդել տարածաշրջանում»,-ասել է 59-ամյա Խոյնովսկին՝ լուսանկարվելով միջնադարի կառույց Գանձասարի ֆոնին: