Թուրքիայում հիմնադրամների գլխավոր վարչությունը մրցույթի հիման վրա վարձով է տվել Ստամբուլի Էմինյոնյուի շրջանում գտնվող «Սանասարյանների տուն» պատմական շենքը՝ չնայած ընթացող դատական գործընթացին, որը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքությունը:
Ինչպես գրում է թուրքական Hürriyet Daily News-ը, Հիմնադրամների գլխավոր վարչության կազմակերպած մրցույթում հաղթել է «Օզգեյլանի» շինարարական ընկերությունը:
Պոլսո պատրիարքությունը պնդում է, որ այդ շենքը, որը ռուսաստանցի հայ Մկրտիչ Սանասարյանը պատրիարքությանն է նվիրել 1881 թվականին, պատկանում է իրենց, քանի որ իրենք ունեն փաստաթղթեր, որոնք հաստատում են նվիրատվությունը:
Մյսւո կողմից, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտարարում է, որ շենքը չի մտնում 2011 թվականին ուժի մեջ մտած ունեցվածքը տեղի համայնքներին վերադարձնելու մասին օրենքի իրավասության տակ, քանի որ այն պատկանել է առանձին մարդու:
Պոլսո պատրիարքության անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերը Hürriyet Daily News թերթին ասել է, որ իրենք մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ տենդերը չեղյալ կհայտարարվի: Նրա խոսքով՝ իրենք կշարունակեն իրավական պայքարը:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելանք դնել պատմական շենքի վարձակալության վրա, որը հայտնի է որպես «Սանասարյանների տուն»: «Սանասարյանների տունը» Թուրքիայում հայոց պատրիարքությունից ապօրինաբար խլվել է 1935 թվականին: Այն հետ ստանալու համար պատրիարքությունը դիմել է Ստամբուլի քաղաքացիական հարցերով դատարան: Դատարանը որոշել է շենքը չվաճառել եւ չտալ երրորդ անձանց: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը վարձակալության մրցույթ հայտարարելով խախտում է դատարանի որոշումը: Մենք պահանջել ենք մրցույթը դադարեցնելու որոշում կայացնել»,-ասված է պատրիարքության հայտարարության մեջ:





























