Երեւանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործող, էլիտար համարվող PROLIFE-ի մարզասրահից, հուլիսի 20-ին գողացել են այցելուներից մեկի մարզահագուստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժող քաղաքացի Ա. Կ.-ն:
«Մարզասրահ եմ հաճախել ընդամենը մեկ շաբաթ: Այսօր հանդերձասրահում թողել եմ մարզահագուստս, իսկ դուրս գալուց հետո նկատեցի, որ այն չկա, գողացել են»,- պատմեց նա, հավելելով. «Հատկանշական է, որ այդ տարածքում իրենց ծառայությունն են իրականացնում եւ PROLIFE-ի, եւ «Էրեբունի պլազայի» անվտանգության աշխատակիցները, սակայն չգիտես ինչու, նրանցից ոչ ոք չի նկատել, թե ինչպես է դա տեղի ունեցել»:
Տուժած քաղաքացին ավելի ուշ հեռախոսով կապվել է PROLIFE-ի Սեւակ անունով մենեջերի հետ, ով անմիջապես հայտարարել է, որ իրենք պատասխանատվություն չեն կրում դրա համար:
Դիտարկմանը, թե դա նաեւ PROLIFE մարզասրահի պատվի խնդիրն է, որ իրենց մոտից հնարավոր է այդքան հեշտությամբ գողություն կատարել, մենեջերը նորից չոր տոնով կրկնել է, որ դրա համար իրենք պատասխանատվություն չեն կրում:
«Այսինքն ստացվում է, որ մարզասրահի այցելուն ոչ մի ձեւով պաշտպանված չէ, ամեն ինչ կարող են տանել եւ մարդը դրա դեմ ոչինչ չի կարող անել»,- վրդովված նշեց Ա. Կ.-ն՝ հավելելով. «Լավ է, որ այնտեղ տեսախցիկներ կան, որոնք հնարավոր է ֆիքսել են գողության փաստը: Ես անհապաղ հայտնել եմ Կենտրոնի ոստիկանություն, որտեղ արագ արձագանքեցին եւ գողության մասին հաղորդում վերցրեցին»:
Այս ողջ պատմության մեջ ամենահատկանշականն այն է, որ մարզասրահի ղեկավարությունը համարում է, որ իր հաստատության ներսում կատարված գողության համար իրենք որեւէ կերպ պատասխանատվություն չեն կրում: Այդ դեպքում ո՞վ է կրում դրա համար պատասխանատվությունը եւ արդյոք մարզասրահ այցելող քաղաքացին պիտի նաեւ իր հետ հատուկ մարդ բերի, իր իրերը հսկելու համար:




























