Սելիմի լեռնանցքում վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել առավելագույնը 20 օրվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայավտոճանապարհներ» ընկերության տնօրեն Հենրիխ Քոչինյանը: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Եղեգնաձորդորշին» ընկերությունը: Աշխատանքներն ընթանում են արդեն երեք օր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) M10 ավտոճանապարհի 112 կմ-ին, Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային հորդառատ անձրեւներից փլվել է ճանապարհի լանջը: Արդյունքում ճանապարհի այդ հատվածում երթեւեկել թույլատրված է միայն մարդատար մեքենաներին: Բեռնատարների երթեւեկությունն արգելված է ճանապարհի հետագա փլուզումից խուսափելու համար:

Մասնագետներն ուսումնասիրել են ճանապարհի վիճակը, որոշվել է վթարայնության աստիճանը, նախագծային աշխատանքներ են կատարվել, ճշտվել է վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը: