Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վաղը` հուլիսի 23-ին, լուսադեմին, կվերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից:

Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին Կարեն Անդրեասյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ կներկայացնի մանրամասներ մոսկովյան այցից, մասնավորապես` Հրաչյա Հարությունյանի գործից:  Իսկ առայժմ ՄԻՊ գրասենյակում որեւէ տեղեկություն չունեն Կարեն Անդրեասյանի այցի մանրամասներից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնում է Մոսկվա:

Նախատեսվում էր Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաեւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաեւ հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների եւ այլ շահագրիգիռ անձանց հետ:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: