«Արդշինինվեստբանկն» արդեն չորրորդ տարին անընդմեջ կատարում է նվիրատվություն` ի նպաստ «Լույս» հիմնադրամի, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին: Ինչպես NEWS.am–ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, հերթական 100 միլիոն դրամն «Արդշինինվեստբանկը» կտրամադրի հիմնադրամին կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

Երիտասարդ մասնագետների որակյալ կրթությունն ու ստացված գիտելիքների եւ հմտությունների կիրառումը յուրաքանչյուր կայացած գործարար համայնքի ռազմավարական խնդիրն է: Հաշվի առնելով հիմնադրամի` երկրի մտավոր կապիտալի կազմավորմանն ուղղված գործունեությունը` Արդշինինվեստբանկը հերթական անգամ իր ներդրումն է կատարում որակյալ ուսումնական ծրագրերի աջակցության գործում:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի եւ շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

Քննարկումների ընթացքում Արդշինինվեստբանկի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) եւ ապահովելով շրջանավարտներին աշխատանքով: