Երեւանի հասարակական տրանսպորտը կարելի է անվանել միջնադարյան: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Ամեն մեկն իր համար գիծ է վերցրել ու դրա վրա նստած է: Ւսկ մենք դատապարտված ենք տարիներով ավերակ երթուղայիններով երթեւեկելու», – ասել է Ասատրյանը: Ըստ նրա՝ թանկացմամբ տրանսպորտի սպասարկման որակը չի բարելավվել. վարորդները շարունակում են կանգնած ուղեւորների տեղափոխել: «Այսօր կողքովս 25 ուղեւոր տեղափոխող երթուղային անցավ: Իսկ կողքիս կանգնած ոստիկանն ասես չէր էլ նկատում: Ես նրա ուշադրությունը հրավիրեցի խախտման վրա», – հավելել է նա:
Ասատրյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, խոսելով գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին, անկեղծ չեն հանրության հետ:
«Հաշվարկները, որոնք մեզ ցույց են տալիս, ծիծաղելի են: Ոչ մի տնտեսական տրամաբանություն: Տպավորություն է ստեղծվում, որ սեղանի շուրջ հավաքվել են եւ մի բաժակ խմելով ինչ-որ բան խզբզել թղթին, իսկ հետո մատուցել հանրությանը: Իսկ թե հանրությունն ինչ է մտածել, իշխանությունների համար միեւնույն է: Հայաստանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը չպետք է 70 – 80 դրամից ավելի լինի»:
Թանկացման միակ տրամաբանությունը, ըստ նրա, հանգում է գերշահույթ ստանալու ձգտմանը:
«Եթե Հայաստանում ինչ-որ մեկին բիզնեսի իրավունք է տրված, նա առավելագույնին է ձգտում: Դա վերաբերում է տրանսպորտին, հիշեք, թե պատգամավորներից քանիսն են «գծատեր»»,- հիշեցրելէ Բագրատ Ասատրյանը:
Հիշեցնենք, հուլիսի 20-ին ավտոբուսների ու երթուղայինների ուղեվարձը 100 դրամից դարձել է 150 դրամ, ինչը բնակչության խիստ դժգոհության պատճառ է դարձել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























