Մոսկվայում ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները նովոսիբիրսկցի գործընկերների հետ բռնել են վրացի 61-ամյա «օրենքով գող» Միրոն Գորգիձեին, որը քրեական աշխարհում Միրիկիա մականվամբ է հայտնի, գրում է «Փրայմ Քրայմը»: Ձերբակալվածի մոտից 4,4գ հերոին է հայտնաբերվել, ինչը համարվում է առանձնակի խոշոր չափերի եւ պատժվում 3-10 տարվա ազատազրկմամբ:

Քութայիսի նախկինում քանիցս դատված բնակիչ Միրոն Գորգիձեն վերջերս քրեական պատմություններում հաճախ էր աչքի ընկնում: Միրիկիայի նկատմամբ վերջին աղմկոտ գործը  լսվել էր 2011թ. դեկտեմբերին Նովոսիբիրսկի շրջանային դատարանում, որտեղ նրան մեղավոր էին ճանաչել «բանտային» յուրացումներում: «Օրենքով գողը» բանտարկյալներից մեկից այլ բանտարկյալների միջոցով ոսկու ձուլակտորներ էր շորթել՝ դատապարտվելով 3 տարի 10 ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:

Միրիկիան  «թագադրվել» է վրացի հին «օրենքով գողերի» ձեռքով, ինչպիսիք են Պատան, Գիգլան, Վախոն եւ Իլիկոն:

Օպերատիվ տվյալներով՝ Նովոսիբիիրսկում Միրիկիան բռնվել է տիտղոսավոր գործընկերների հետ լարված հարաբերությունների պատճառով, որոնք բազմիցս մատնանշել են նրա թերությունները: 2001թ. քութայիսցի «օրենքով գող»  Ռեւազի հուղարկավորության ընթացքում Գորգիձեն ծեծի էր ենթարկվել այլ գողերի կողմից:

Դրանից հետո նա վերջնականապես կորցրել էր հարգանքը մնացած գողերի աչքում: