Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խմբին, որում ընդգրկված են բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական անձնակազմի ներկայացուցիչներ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասակարայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, ողջունելով աշխատանքային խմբի անդամներին, կառավարության ղեկավարը կարեւորել է նմանօրինակ նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալու խորությամբ եւ համակողմանիորեն վերլուծել Արցախի տնտեսական զարգացման եղանակները եւ հեռանկարները` ներկայացնելով մասնագիտական գնահատականներ:
Խմբի անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ խորհրդարանի պատգամավոր, համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է տնտեսական այն ոլորտները, որոնք, խմբի կարծիքով, կարիք ունեն առաջնահերթ ուսումնասիրության եւ վերլուծության:
Այնուհետեւ քննարկվել են խմբի աշխատանքային գործունեության կազմակերպման եւ համակարգման հարցեր: Ուսումնասիրություններն արդյունավետ իրականացնելուն աջակցելու նպատակով հանդիպմանը մասնակցում էին հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարներ եւ պատասխանատուներ, ովքեր գործուն մասնակցություն են ունենալու նախատեսվող աշխատանքներին: Այդ ուղղությամբ եւս կայացել են համապատասխան պայմանավորվածություններ:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:




























