Եգիպտոսի՝ պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի գտնվելու վայրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: Մուրսին, ով հաղթել էր 2012թ նախագահական ընտրություններում, հուլիսի 3-ին իշխանությունից հեռացվել եւ կալանավորվել է զինվորականների կողմից:
«Մինչ օրս հորս գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն: Տեղյակ չենք, թե որտեղ են նրան պահում: Ռազմական հեղաշրջման ղեկավարների պաշտոնական ներկայացուցիչը, ըստ էության, խոստովանում է, որ իրենք են ձերբակալել նախագահին: Նման հայտարարությունները շատ անլուրջ են: Նա ասել է, որ նախագահը կալանավորվել է իր իսկ անվտանգության համար»,-հայտարարել է Ուսամա Մուրսին՝ Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախկին նախագահի որդին նաեւ մեկնաբանել է Եգիպտոսում ներկայումս տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ 2011թ գարնանը սկսված հեղափոխությունը մինչ օրս խաղաղ բնույթ է կրում, իսկ ներկայումս կատաված իշխանափոխության մեջ նա մեղադրում է Հոսնի Մուբարաքի ռեժիմի կողմնակիցներին: «Միայն եգիպտացիներն իրավունք ունեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքական ղեկավարությունը: Դա պետք է տեղի ունենա ընտրություններում քվեարկելու միջոցով»,-կարծում է Մուրսիի որդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:



























