Պոդոլսկի վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է նրա փաստաբան Ալեքսանդր Մալցեւը:
Հիշեցնենք, որ հարցաքննությունը նշանակված էր երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:
«Հարցաքննությունը հետաձգվել է Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի պատճառով»,-ընդգծել է փաստաբանը, հավելելով, որ Հարությունյանը բողոքում է արձր ներգանգային ճնշումից: Բացի այդ, նա ձեռքի կոտրվածք ունի: «Հարցաքննության ժամկետները չեն հստակեցվել: Կարծում եմ, որ կրկնությունից խուսափելու համար, անհրաժեշտ կլինի սպասել Հարությունյանի ապաքինմանը»,-ընդգծել է փաստաբանը:
Ներկայումս Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Մատրոսկայա տիշինայի» բժշկական մասում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:




























