Երեւանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական եւ անարդյունավետ քայլն է: Այդ մասին ասվում է «Առաքելություն» կուսակցության հայտարարության մեջ:

«Երթուղային տաքսիների ծախսերի հաշվարկում մեկ ուղեւորի հաշվով ծախսերը կազմում են 70 դրամ, որից վառելիքի ծախսը կազմում է 30 դրամ: Այսինքն՝ գազի 20 տոկոսով թանկացման պարագայում ուղեվարձը պետք է ավելանա առավելագույնը 6 դրամով:

Առաքելություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ երթուղային տաքսիներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները ստանում են գերշահույթներ` տարեկան մոտ 6 մլրդ դրամ: Եվ ահա, ուղեվարձի թանկացումն իր հերթին  այդ շահույթը դարձնում է 14 մլրդ դրամ, որով կարելի է ձեռք բերել ավելի քան 1000 հատ նոր ավտոբուս կամ եվրոպական արտադրության միկորավտոբուս եւ ամբողջովին ձերբազատվել հնամաշ ու վտանգավոր «ԳԱԶԵԼ»–ներից:

Նշվածը հերթական անգամ փաստում է. Երեւան քաղաքում նպատակահարմար է ուղեւորափոխադրումների իրականացումը բացառապես քաղաքապետարանի կողմից, ինչը զերծ կպահի ուղեվարձի թանկացումից` ապահովելով անվտանգ եւ որակյալ սպասարկում, միեւնույն ժամանակ՝ ապահովելով շահույթ քաղաքապետարանի համար:

Բացակայում է նաեւ ուղեվարձի թանկացման վերաբերյալ որեւէ իրավական հիմք: Ուղեվարձի թանկացման միակ հրապարակված հիմքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն է, թեեւ ուղեվարձը սահմանվում է ուղեւորափոխադրում կազմակերպելու մրցույթի որոշմամբ:

«Առաքելություն» կուսակցությունը`

• Պահանջում է քաղաքապետարանից՝ հրապարակել ուղեվարձի բարձրացման իրավական հիմքերը,

• Հասարակական տրանսպորտից օգտվողներին կոչ է անում՝ չվճարել ապօրինի սահմանված ուղեվարձը,

• Աջակցություն է հայտնում հասարակական ակտիվիստներին, քաղաքացիներին, ովքեր պայքարում են ապօրինի թանկացման դեմ:

«Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է քաղաքապետարանին, որպես այլընտրանք, մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսի ուղեվարձը նվազեցնել՝ դարձնելով  50 դրամ, իսկ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների սպասարկումն՝ իրականացնել անվճար»,- նշել են հայտարարության հեղինակները: