Տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

ԱԻԿ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե արդյոք անօրինական չէ՞ այն, որ հանրային տրանսպորտում երթեւեկության համար վճարելիս քաղաքացուն չի տրվում վճարումը հավաստող տոմս կամ ՀԴՄ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է եւ կարող է չհարկվել։ 

Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երեւան քաղաքում ո՞ր կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի ո՞ր երթուղիներն են սպասարկում եւ ինչ իրավական հիմքով:

ԻԱԿ-ը դիմել է նաեւ երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ եւ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի՞ վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքա՞ն է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում խնդրված տեղեկությունները չստանալու կամ ոչ պատշատ պատասխան կամ անհիմն մերժում ստանալու դեպքում ԻԱԿ-ը դիմելու է դատարան»: