Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ, այս պահին, «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ Երեւանի քաղաքապետարանի մուտքին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ոստիկանները փորձում են նրանց թույլ չտալ հասնել քաղաքապետարանի դռների մոտ: Նոր ոստիկանական խմբեր են մոտենում ակցիան հսկելու համար, բայց քաղաքացիների հոսքը եւս ավելանում է: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտեց, որ քաղաքացիները հասարակական կարգն են խախտում եւ իրենք ստիպված են լինելու բերման ենթարկել նրանց:
Ցուցարարները գործադուլի կոչեր են անում, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները պատուհաններից հետեւում են նրանց:
Ցուցարարները նաեւ երգում են. «Խուժան Տարոն, մեյդան ընկել, տրանսպորտի գինն է հանել, 100 դրամ կտանք ձեզի, փոխենք օրենք հանուն մեզի»:
Լարվածությունը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պահպանվում է:
Ակցիային է միացել նաև DJ Վակցինան։
Ի դեպ, ժամը 12.00-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ կմեկնարկի լրագրողների կազմակերպած բողոքի ակցիան: Նրանք պահանջում են Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ով, iLur.am-ի լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:
Այսօր` հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ նորից նախատեսվում է բողոքի ակցիա, իսկ մինչ այդ ակտիվիստները կշրջեն փողոցներում, «Չենք վճարելու 150 դրամին» միացողներն էլ կշարունակեն իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխել:





























