Հուլիսի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ եւ հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի տանտիրուհու վրա եւ փորձել են խեղդել:
Բացի այդ, ժամը 16.05-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Ռուզաննա Է.-ն: Վերջինս ոստիկանության մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, անծանոթ անձը, ներկայանալով որպես իր հարեւանի փեսա, իր թույլտվությամբ մտել է բնակարան եւ շուրջ 2.5 ժամ մնացել տանը, հետո չի հիշում, թե ինքն ինչպես է ուշագնաց եղել, իսկ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն: Ռուզաննա Է.-ն բղավելով օգնություն է կանչել, եւ այդ տղամարդը դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.10-ին, ոստիկանություն է ներկայացել 43-ամյա Կարեն Ա.-ն, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Ռուզաննա Է.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, ինքը ծեծի է ենթարկել նրան, իսկ պարանն օգտագործելով` փորձել է հանգստացնել նրան, որպեսզի ինքն անարգել հեռանա:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




























