Թեեւ երթուղայինները օրենքով պետք է փոխադրեն 14 ուղեւորի, սակայն ամեն երթեւեկության ժամանակ վարորդները սպասարկում են 21 ուղեւորի եւ կարող են շահույթ ստանալով նույնիսկ, եթե ուղեվարձը լինի 90 դրամ: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված» Հ/Կ ղեկավար Բաբկեն Պիպոյանը` ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները:
Նա խրախուսեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ այժմ կազմակերպվող ակցիաները, ինչպես նաեւ նշեց, որ պետք չէ այդպես ընդգծված բոլոր պաշտոնյաններին վարկաբեկել, հարձակվել նրանց վրա,քանի որ նրանց շատերը կատարողներ են: Բաբկեն Պիպոյանը ակցիայի մասնակիցներին ավելի հանդուրժող լինելու կոչ արեց:
Բաբկեն Պիպոյանն կարեւորեց այն հանգամանքը, որ ուղեւորներից շատերը 100 դրամ են վճարում` շեշտելով, որ նրանց թիվը գնալով ավելանում է: Նրա խոսքով`շատ կարեւոր եւ մեծ ազդեցություն կգործի այն հանգամանքը, որ շատերը իրենց մեքենաներով են մարդկանց տեղափոխում, «այս համընդհանուր պայքարը կբերի գործադուլի, ինչն էլ հետագայում որոշումը փոխելու պատճառ կդառնա»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























