Հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու պարագայում կտրուկ ավելանում է 50-դրամանոցների պահանջարկը, քանի որ մանրադրամ վերադարձնելու խնդիր է առաջանում: NEWS.am-ը ՀՀ կենտրոնական բանկից հետաքրքրվեց, թե արդյոք պատրա՞ստ են բավարարել աճող պահանջարկը 50 դրամանոցների նկատմամբ, ու ընդհանրաապես՝ որքա՞ն մանրադրամ է շրջանառվում հանրապետությունում:
«ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման է ենթարկում յուրաքանչյուր անվանական արժեքի շրջանառությունը եւ ձեւավորում անհրաժեշտ դրամական պաշարներ հանրապետությունում՝ կանխիկ դրամաշրջանառության անընդհատության եւ բնակչության կողմից կանխիկ դրամով իրականացվող վճարումների հարմարավետության ապահովման համար: ՀՀ կենտրոնական բանկը մշտապես ապահովված է բոլոր անվանական արժեքների, այդ թվում՝ նաեւ 50 դրամանացների անհրաժեշտ պաշարներով, եւ պատրաստ է ապահովել շրջանառության համար յուրաքանչյուր անվանական արժեքի պահանջվող փոփոխությունը»,- պատասխանել են ՀՀ կենտրոնական բանկից;
Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած տեղեկանքի՝ 20.07.-ի դրությամբ հանրապետությունում շրջանառվում են 356.2 մլն դրամի 10 դրամանոցներ, 503.4 մլն դրամի 20 դրամանոցներ, 790.4 մլն դրամի 50 դրամանոցներ, 1170.4 մլն դրամի 100 դրամանոցներ, 2411.4 մլն դրամի 200 դրամանոցներ, 6386.8 մլն դրամի 500 դրամանոցներ:




























