Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է նոյեմբերի 29-ը որպես Հայաստանի Երկրորդ Հանրապետության հիմնադրման օր ճանաչելու առաջարկով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի եւ տնտեսագետ-հրապարակախոս Սուրեն Սարգսյանի դիմումն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մենք եւս գտնում ենք, որ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների հաստատման օրերն անպայմանորեն նշելու հետ մեկտեղ, այսուհետ պետք է նաեւ նույնպես պետականորեն նշվի յոթ տասնամյակում մեր ժողովրդի կյանքում սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային աննախադեպ նվաճումներ գրանցած, անկախ եւ ինքնիշխան ազգային պետականության հիմքերի ստեղծման եւ ամրապնդման գործում իր ծանրակշիռ լուման ներդրած Երկրորդ Հանրապետության օրը: 

Դրանով կվերականգնվի պատմական արդարությունն ու զարգացման բնական շղթան»,-ասված է ՀԴԿ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշվում էր որպես Հայաստանի խորհրդայնացման օր: 1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր անկախությունը, որը վերականգնվեց 1991 թվականին՝ անկախության հանրաքվեով: