Երեւանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Ստեփանակերտում ներդրվել են մի շարք համակարգեր, որոնք էլ ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում քաղաքային տնտեսության կառավարումը: Այս մասին, Երեւանում, այսօր՝ հուլիսի 23-ին, Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վանո Վարդանյանը նշել է, որ, թեեւ երկու քաղաքների միջեւ բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 սեպտեմբերին, սակայն այս ժամանակահատվածում ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ համատեղ ծրագրերի նոր հնարավորություններ կստեղծվեն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը ներկայացնել եւ քննարկել համագործակցային նոր ծրագրերի շուրջ առաջարկություններ:




























