Երկուշաբթի երեկոյան եւ երեքշաբթի գիշերը Եգիպտոսի մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղի ունեցած անկարգությունների զոհ է դարձել ինը մարդ, 86-ը վիրավորվել է, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը հաղորդում է, որ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումները տեղի են ունեցել Թահրիր, Ան Նահդա, Ալ Գիզա հրապարակներում: Երկու կողմերն էլ հրազեն են կիրառել:
Եգիպտոսի շտապօգնության ծառայության գլխավոր բժիշկ Հալեդ ալ Խաթիբը հայտնել է, որ Կահիրեի Ան Նահդա եւ Ալ Գիզա հրապարակներում բախումների ընթացքում զոհվել է վեց մարդ եւ տուժել 33-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Եւս երեք մարդ զոհվել եւ 44-ը վիրավորվել են Թահրիր հրապարակում եւ Քալյուբ արվարձանում տեղի ունեցած բախումների հետեւանքով: Ռաբիա ալ Ադավիա եւ Մադինաթ թաղամասերի գիշերային կռիվներում տուժել է 9 մարդ: Ներկայումս հիվանդանոցներում 74 տուժած կա, հիմնականում՝ հրազենային վերքերով:





























