Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպանի  սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը քիչ առաջ  ականատես է եղել Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են  տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված  «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Արմեն  Գրիգորյանը  եւ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը  շտապ մեկնել են բաժին:  Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար  եւ չեն բացատրել իրենց իրավունքները:

Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռեւս կազմված չեն:

Այս ողջ ընթացքում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումների  խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, եւ բոլոր գործողություններին ու պարզաբանումներին  առաջիկայում  կտրվեն համապատասխան գնահատականներ»: