Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից դուրս եկավ բերման ենթարկված երիտասարդներից Մաքսիմ  Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ առավոտյան 10.30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրենց բակում իրեն են մոտեցել ոստիկաններ, հրավիրել բաժին, սակայն նա չի գնացել եւ ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ավելի ուշ երիտասարդը այնտեղից տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրան հայտնել են, որ կասկածվում է ոստիկան ծեծելու մեջ, սակայն երբ բաժին է եկել փաստաբանը, ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Ավելի ուշ ակտիվիստին հայտնել են, որ նա ազատ է, կարող է  դուրս գալ: Մաքսիմ Սարգսյանը մյուս բերման ենթարկվածներին չի տեսել, մենակ է եղել, բայց, իր տեղեկություններով, 4-5 հոգի կա ոստիկանական բաժանմունքի ներսում:

Մաքսիմ Սարգսյանը շեշտեց, որ երեկ անձամբ է շնորհակալություն հայտնել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին` ըմբռնողական վերաբերմունքի համար, միշտ կանգնած է եղել ոստիկանի կողքին, այնինչ այսօր իրեն կասկածում են ոստիկան ծեծելու մեջ: Երիտասարդը նաեւ ասաց, որ ոստիկանական բաժանմունքում խոսակցություններ են եղել թանկացումների մասին, եւ ոստիկաններն ասել են, որ «պայքարում եք, լավ եք անում»:

Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ են ՀԱԿ-ի ակտիվիստներից Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները: Վերջինս iLur.am-ի օպերատորն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am