Եթե հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործընթացը չկանգնեցվի, ապա Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը իսպառ կվերանա: Այս մասին օրերս Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին ահազանգել են ոլորտի մասնագետները, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի խոսքով՝ Մեղրի գետի ջրավազանի համայնքների այսօրվա պտղաբուծության բարձր պահանջարկը հանքարդյունաբերության հետևանքով իսպառ կվերանա, քանի որ ծանր մետաղներից զատ գետավազան կլցվի նաև մեծ քանակությամբ արսենիում:
«Մեղրին չի կարող արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը ոչ մի երկիր: 20-30 տարի հետո էլ, երբ սպառվեն հանքաարդյունաբերական պաշարները, հանքուղիներից դուրս եկող ծանր մետաղներով և արսենիումով հարուստ ջրերը ընդմիշտ կապականեն այդ զուլալ գետակը, ինչպես դա տեղի ունեցավ Կապանի Կավարտ գետակի հետ, որը մահացած ջուր է և պիտանի չէ ոչ մի բանի համար»,-նշել է Աշոտ Ավագյանը:





























