Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց բերման ենթարկված ակտիվիստներից Դավիթ Թովմասյանը: Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Դավիթ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի մոտից իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, որեւէ բան չեն հայտնել, միայն բաժնում դուրս գալուց առաջ տեղեկացրել են, որ ինքը որպես վկա է բերման ենթարկվել: Դավիթ Թովմասյանը վստահեցրեց, որ ինքը երեկ ընդհանրապես ակցիայի չի մասնակցել:
Ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց հավաքված բազմությունը սպասում է բերման ենթարկված վերջին ակտիվիստի ազատ արձակմանը: Նրա ազատ արձակվելուց հետո «Չենք վճարելու 150» դրամ ակցիայի մասնակիցները մտադիր են շարժվել Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ այնտեղ շարունակել իրենց բողոքի ակցիան:
Նշենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել եւս 7 ակտիվիստ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























