Հետեւություններ անելու փոխարեն Հայաստանի քաղաքական ուժերը դատարկ էրոտիկայով են զբաղվում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Մեկնաբանելով Երեւանում երթեւեկության սակագինը 100 դրամից 150 դրամ բարձրացնելու որոշումը, նա նշել է, որ երեւանցիներն ամեն օր 50 դրամ են կորցնում ամենուր, սակայն չգիտես ինչու այդ մասին միայն տրանսպորտում են հիշում:
«Ինչքան 50 դրամներ ենք մենք վատնել՝ գնելով շաքար, հաց… Ինչքան 50 դրամներ ենք ծախսել հեռախոսները լիցքավորելու համար: Սակայն Սասունցի Դավթի համբերության թասը լցվեց հենց տրանսպորտի պատճառով: Իսկ քաղաքական ուժերը սրանից հետեւություններ անելու փոխարեն՝ դատարկ էրոտիկայով են զբաղվում», - ասել է նա:
Ըստ Հակոբյանի՝ իրավիճակին պետք է համակարգված լուծում տրվի՝ նոյեմբերի վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























