Ռուսաստանի հանրությունը նույնպես ուշադիր հետեւում է Պոդոլսկի ահավոր վթարի հետաքննությանը, որի ենթադրյալ մեղավորն է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում էր, այնտեղ նա մի շարք հանդիպումներ էր ունեցել Հրաչյա Հարությունյանի գործի հետ կապված:
Խոսելով Հայաստանում բուռն զայրույթ առաջացրած դեպքի մասին, երբ Հարությունյանը դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ այդ հարցը նույնպես քննարկվել է ՌԴ-ի մարդու իրավունքների պաշտպանի հետ իր հանդիպման ընթացքում: «Քննարկել ենք, թե ինչը կարող էր դառնալ կատարվածի պատճառ: Մեղավորին պարզելու համար հետաքննություն է անհրաժեշտ: Դրա համար ժամանակ է պետք», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը:
Ընդ որում, Կարեն Անդրեասյանը կտրականապես հերքել է Հարությունյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի ազգայնական բնույթը: «Շատ վտանգավոր է այդ միջադեպը ազգամիջյան հակամարտության վերածելը: Սակայն ոչ ոքի չի արգելվում վրդովվել մարդու իրավունքների խախտման առթիվ», - նկատել է մարդու իրավունքների պաշտպանը:
Անդրադառնալով դատարանի դահլիճից ռուս լրագրող Օլգա Սկաբեեւայի աղմկահարույց ռեպորտաժին՝ մարդու իրավունքների պաշտպանը այն ամոթալի է անվանել: Նա հիշեցրել է ամբաստանյալի կամ մեղադրյալի ազգային պատկանելությունն ընդգծելու անթույլատրելիությունը եւ մատնանշել լրագրողի մասնագիտական էթիկայի բացակայությունը: Այդ ռեպորտաժը քննարկման թեմա է դարձել նաեւ ՌԴ ՄԻՊ գրասենյակում:
«Այնտեղ մտադիր են հեռուստաալիքի հասցեին հայտարարությամբ հանդես գալ», - հայտնել է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կանացի խալաթը հագին ճաղերի հետեւում գտնվող թշվառ մարդու տեսքը միանման զգացմունքներ է արթնացնում մարդկանց մեջ՝ անկախ ազգությունից: «Ռեպորտաժն ինքնին մարդու իրավունքների խախտում էր եւ լուրջ լրագրության շրջանակում չէր տեղավորվում», -նշել է Կարեն Անդրեասյանը: Նա նաեւ անդրադարձել է սոցցանցերում քաղաքացիների արձագանքին՝ ամբողջ ռուս ազգի հասցեին մի քանի հատկապես ակտիվ քաղաքացիների արտահայտություններն անթույլատրելի համարելով: Ավելի հավասարակշռված եղեք, կոչ է արել ՝ մարդու իրավունքների պաշտպանը:
Նոր Մոսկվայի պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող բեռնատարը Օզնոբիշինո գյուղի մերձակայքում մեծ արագությամբ բախվել էր ուղեւորատար ավտոբուսին՝ ճեղքելով այն: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը փորձում է խուսանավել հարվածից եւ կտրուկ շրջում է ղեկը: Այդ մանեւրի արդյունքում բեռնատարը նետվում է ավտոբուսի վրա: «ԼիԱԶ»-ը երկու մասի է բաժանվում եւ ուղեւորների վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհ է դարձել 18 մարդ, տասնյակները հիվանդանոցում են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























