Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հուլիսի 23-ին, քննարկվել են «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հրատարակման ենթակա գրքերի թեմաները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սփյուռքագիտական հետազոտությունների թեմատիկ պատվերներ իրականացնողների հավաք-քննարկմանը մասնակցել են Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, նույն ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Վահան Բայբուրդյանը, գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը,  հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը, «Նորավանք» ԳՀԿ-ի փորձագետներ:

Նախատեսվում է տպագրել 1915-1923թթ Արեւմտյան Հայաստանի եկեղեցիների, մշակութային ժառանգության, արեւմտահայության ազգագրության եւ բանահյուսության, ցեղասպանության վերաբերյալ ականավոր քաղաքական եւ պետական գործիչների մտքերի, Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների երկերի ժողովածուի, նկարների պատկերագրքի, ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց ընտանիքների հիշողությունների վերաբերյալ աշխատություններից բաղկացած մատենաշար եւ այլ արժեքավոր աշխատություններ:

Իրանագետ Վահան Բայբուրդյանը նշել է, որ շուտով ընթերցողի դատին կհանձնվի «Իրանի հայ համայնքը» աշխատությունը: Հեղինակը համառոտ ներկայացրել է ուսումնասիրությունը, որը վերաբերում է Իրանում հայկական մշակույթին, եկեղեցուն, դպրոցին, մամուլին եւ արդի հիմնախնդիրներին: