Մենք չենք ընդունում քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպված ասուլիսին հայտնեցին «Վճարում ենք 100 դրամ, տրանսպորտը հանրային սեփականություն է» նախաձեռնության անդամներից Ռուզաննա Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ այդ որոշումով խախտվում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, ըստ որի՝ ՀՀ-ն սոցիալական պետություն է, դա նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը։ «Այս որոշումով Երեւանի քաղաքապետարանը նաեւ խախտել էր իր իսկ որդեգրած հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշման կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը»,- ասաց նա։ Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ հանրային քննարկումներ չեն արվել, տեղեկությունը տարածվել է որոշման ուժի մեջ մտնելուց 2 օր առաջ։ Դրանից բացի, չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերը՝ վարորդներ, ուղեւորներ, խոցելի սոցիալական խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ «Քանի որ այս որոշումը ընդունվել է առանց շահագրգիռ կողմերի եւ հանրության իրական մասնակցության, մենք չենք վստահում ուղեվարձի գնի բարձրացման հաշվարկներին եւ համարում ենք, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը հանրային շահին ծառայելուն ուղղված իր ամենահիմնական գործառույթը»,- ասաց նախաձեռնողներից։
Ռուզաննա Գրիգորյանը շեշտեց, որ քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել 150 դրամ, հազարավոր մարդիկ, ովքեր վճարել են 150 դրամ, խաբված են եւ ստացվում է, որ 150 դրամ վճարելը իրավախախտում է իրականում։ Երիտասարդների անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական որոշմանը, այլեւ հակաիրավական որոշմանը։
«Հաշվի առնելով քաղաքապետարանի մշտապես կրկնվող հակասոցիալական եւ հակաիրավական վարքագիծը՝ մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել մարդկանցից խաբեությամբ 150 դրամ վերցնելը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն աձանց եւ պաշտոնյանների, ովքեր ներգրավված են եղել այս կեղծիքի իրականացման մեջ, սկսած քաղաքապետերից, տրանսպորտի վարչության բոլոր աշխատակիցները եւ տնտեսվարողները, գծատերերը։ Մենք համոզվել ենք, որ Տարոն Մարգարյանը արդեն որերորդ անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում քաղաքի իրական կառավարումը։
Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երեւան քաղաքի հանրային ուղեւորափոխադրումների ոլորտը, այն դարձնել արժանախատիվ, մատչելի, որակյալ, անվտանգ, քաղաքկիրթ թե ուղեւորների, թե ծառայություններ մատուցողների համար՝ վարորդներ, դիսպետչերներ։
Հանրային տրանսպորտի ոլորտում կարեւորում ենք աշխատանքային եւ իրավունքների եւ պայմանների հարցը։ Վարորդները աշխատում են ավելի քան ութ ժամ, կարգավորված չեն նրանց հանգստի եւ արձակուրդի հարցերը, ակնհայտորեն նրանք շահագործվում են գծատերերի կողմից՝ ապահովելով նրանց գերշահույթը»,- հայտարարեց Ռուզաննա Գրիգորյանը։
Նրանք նաեւ նշեցին, որ երեկ «Հետքում» հրապարկվել են տրանսպորտի ոլորտում աշխատող պաշտոնյանների անուններ, որոնց պատկանող ընկերությունները ունեն երթուղիներ, այսինքն՝ բոլոր պաշտոնյանները գծատերեր են, օրինակ՝ Հենրիկ Նավասարդյանը, Գագիկ Բեգլարյանը։ Նաեւ շրջանառվում են լուրեր ըստ որի՝ երթուղիներ ունեն Տարոն Մարգարյանը եւ իր աներձագը, կաթողիկոսը, Գալուստ Սահակյանը, մի շարք մականունավոր պատգամավորներ՝ Լֆիկ Սամո, Ծաղիկ Ռուբո, Թոխմախի Մհեր, Նեմեց Ռուբո, ինչը նշանակում է, որ քաղաքական գործիչների որոշումները պայմանավորված են բացառապես իրենց շահերով։
Երիտասարդների պահանջները մի քանիսն են՝ հանրային ուղեւորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել եւ վերադարձնել Երեւանի քաղաքապետարանբի կառավարմանը, սահմանել խիստ հսկողություն, պահանջել արժանապատիվ, որակյալ, անվտանգ ւ քաղաքակիրթ ծառայություններ, պահանջում են հրապարակել հանրային ոեււղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը եւ այլն։





























