Տրանսպորտային ընկերությունները պատրաստ են ուղեւորափոխադրումներ կատարել ուղիղ եւ արագ երթուղով, եթե ուղեվարձը դառնա 200 դրամ: Այս մասին գաղտնի մնալու պայմանով NEWS.am-ի թղթակցին հայտնեց միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներ սպասարկող ընկերություններից մեկի տնօրենը:

Նշենք, որ Երեւանի տրանսպորտային երթուղիների մեծամասնությունն այնպես է հաշվարկված, որ պարտադիր անցնի քաղաքի կենտրոնով՝ հնարավորինս շատ ուղեւորներ վերցնելու համար: Ուղիղ երթուղիների թիվը մեծ չէ. Օրինակ, քաղաքի հյուսիսարեւելյան շրջանները (Նոր Նորք) հարավայինի հետ կապում են (Էրեբունի, Շենգավիթ) միայն երկու ուղիղ երթուղիներ (Դավիթ Բեկի փողոցով):

«Մարդիկ դժգոհում են դրանից, բայց այլ կերպ հնարավոր չէ: Թող ինձ թույլ տան 200 դրամով սպասարկել, այդ դեպքում Նորքի զանգվածից Դավիթ Բեկի փողոցով Երրորդ մաս կհասնենք 15 րոպեում: Իհարկե, այդ դեպքում ուղեւորները քիչ կլինեն, հետեւաբար նաեւ՝ քիչ կլինի եկամուտը», – հայտարարել է գործարարը:

Հիշեցնենք, հուլիսի 20-ից Երեւանում ավտոբուսների եւ երթուղային տաքսիների ուղեվարձը 100-ից դարձել է 150 դրամ: Դա հարուցել է բնակչության դժգոհությունը եւ բողոքի ցույցեր հրահրել: