Երեւանում պետք է սահմանել տաքսիներով երթեւեկելու առավելագույն սակագին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քաղաքացիական հիրքորոշում» ԿՀ նախագահ Գեւորգ Դոստուրյանը, ով պաշտպանում է տաքսիստների իրավունքները:
«Իհարկե, թանկ տաքսիներից պարզապես չեն օգտվի, եւ վերին շեմի անհրաժեշտությունն ինքնաբերաբար ի չիք է դառնում: Սակայն ընտրության հնարավորություն միշտ չէ, որ ունենք, շտապում ենք, նստում ենք առաջին իսկ պատահած տաքսին: Իսկ սպառողին պետք է պաշտպանել տհաճ անակնկալներից»,-հավելել է Դոստուրյանը:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է անել նաեւ այն պատճառով, որ ուղեվարձի թանկացման օբյեկտիվ նախադյալներ կան: Դրանցից կարեւորագույնը գազի թանկացումն է, սակայն միայն դա չէ: «Վերջին մի քանի տարիների ընթացքում շարժչի յուղը 1000 դրամից հասել է 2400 դրամի: Որոշ պահեստամասեր կրկնակի անգամ թանկացել են: Անգամ ավտոներկերն են թանկացել»,-մանրամասնել է նա:
Նա կարծում է, որ հենց այդ պատճառով էլ տաքսիները չեն կարողանում տեղավորվել ներկայումս սահմանված 1 կմ դիմաց 80-100 դրամ սակագնի սահմաններում. «Սակայն եթե այն հասցվի 150 դրամի, վճարել քչերը կկարողանան: Ելքերից մեկը կարող է հանդիսանալ ճյուղի կարգավորումը. թող որպես տաքսի ծառայեն միայն գրանցված ավտոմեքենաները, որոնք ունեն դեղին պետհամարանիշներ: Մայրաքաղաքի տաքսիների կեսը սպիտակ պետհամարանիշներով է: Դրանցով երթեւեկելը, որպես կանոն, ավելի թանկ արժե: Դրանք հաշվիչներ չունեն, ուստի կարող են ցանկացած թիվ ասել: Իսկ բողոքելու տեղ չկա»:
Տարբեր տվյալներով՝ Հայաստանում գործում են մոտ 15 հազար տաքսիներ, որոնց 75 տոկոսն ապօրինի է աշխատում:





























