Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը հուլիսի 24-ին բողոքի ակցիա է անցկացնում Քութաիսիում խորհրդարանի շենքի մոտ: Ինչպես «ԻնտերպրեսսՆյուզին» է հաղորդել «Ազատ Վրաստանի» ներկայացուցիչ Գեորգի Ցուլայան, ակցիային կմասնակցեն այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրական միջավայրը բարելավելու նպատակով մասնակցել են միջխմբակցային խմբի հանդիպումներին:
«Ինչպես հայտնի է քաղաքական կողմերը պայմանավորվել են այն մասին, որ ընտրական միջավայրը բարելավելու նպատակով՝ ուղղումներ կմտցվեն Ընտրական օրենսգրքում եւ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում:
Համաձայնագիրը գոյություն ուներ, սակայն վերջին պահին իշխող թիմը տապալել է գործընթացն ու հայտարարել, որ երկիրը նման փոփոխությունների պատրաստ չէ, հետեւաբար ընտրությունները կանցկացվեն գործող օրենսդրությանը համապատասխան: Մենք բողոքում ենք իշխանությունների ստի դեմ: Իշխանությունը չպետք է ստի եւ նմանվի «Ազգային շարժմանը»»,-հայտարարել է Գեորգի Ցուլայան:




























