Շիրակի մարզի Վարդաքար գյուղում արդեն երկար ժամանակ է, ինչ բնակիչները զրկված են խմելու ջրից օգտվելու հնարավորությունից: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին  ահազանգել են Վարդաքարի մի խումբ բնակիչներ՝ նշելով, որ խմելու ջուրը պարզապես գյուղ չի հասնում, հասնելու դեպքում էլ`ջրից օգտվում են 5-10 տուն:  Բնակչության մեծ մասը ջրի հարցը լուծում է հարեւաններից դույլերով կրել-բերելով: Հատկապես ամռան այս սեզոնին, երբ ջուրը առավել շատ է օգտագործվում, մի ամբողջ համայնքի ջրազրկումը Վարդաքարի բնակիչները համարում են անթույլատրելի: «Ո՞նց կարող է գյուղի մարդը ջուր չունենա, ախր մենք էսքան հոգս ունենք, էսքան պրոբլեմ, դաժե անասունի ջուրն ենք բերում, տնամերձերն ենք կրելով ջրում»,-դժգոհել են նրանք, նշելով, որ խնդիրը արդեն երկար ժամանակ է, ինչ կա, սակայն վերջնական լուծումն իրենք այդպես էլ չեն տեսնում:

Խնդրի հետ կապված NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում  Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը հաստատեց բնակիչների բողոքը, նշելով, որ խնդիրը արդեն երկար ժամանակ է կա եւ ինքը դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն մինչ օրս որեւէ փոփոխություն: «Հա, խմելու ջրի վիճակը շատ ահավոր է…Մենք գլխավոր ջրագծից սնուցվող վերջին գյուղն ենք: Մենակ մենք չենք, որ ջուր չունենք, ջուրը գյուղ չի հասնում էս ամառվա սեզոնին, ճնշման խնդիր ա…վերեւի գյուղերը բացում են ջրերը, բոստանները ջրում են, մեր մոտ էլ էդ պատճառով օրերով ջուր չի լինում…..կարող ա շաբաթվա մեջ մի կամ երկու օր կամ  էլ մի շաբաթ ընդանրապես  չլինի»,-ասաց նա:

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճնշման բացակայության դեպքում գյուղից  20 տուն է ջուր ստանում, իսկ մնացած 200 տները զրկվում են խմելու ջրից: Գալուստ Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենք դիմել են «ՀայՋրմուղ»-ի տնօրեն Պատրիկ Լորենին, որտեղից պատասխանել են, որ այս տարի խմելու ջրի նոր ցանց է կառուցվելու: «Մենք  դիմել ենք Պատրիկ Լորենին, իրանք մեզ  ասացին, որ այս տարվա մեջ նոր ջրագիծ պետք է քաշեն ու որ մենք նորմալ ջուր կունենանք: Մեզ պետք է ուրիշ ցանցով ջուր տան: Այս տարի պետք է սկսեն աշխատանքները»,- ասում է Վարդաքարի համայնքապետն ու մեկ անգամ եւս պաշտոնապես փաստում, որ այս վիճակը սովորաբար շարունակվում է մինչեւ սեպտեմբեր, մինչդեռ գյուղացիները պնդում են, որ ձմռանը ջրի հարցը ավելի է սրվում ու իրենք հնարավոր է ամիսներով ջուր չունենան: