Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ հուլիսի 24-ին այցելել է Ավանի աղի կոմբինատում տեղակայված «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 1987 թվականից գործող այս կենտրոնում տարեկան անաձավային բուժում են ստանում հիմնականում բրոնխիալ ասթմայով եւ ալեգիայով տառապող մոտ 200 հիվանդներ, որոնց գրեթե կեսը` մինչեւ 17 տարեկան։ Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներից բացի այստեղ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն են ստանում նաեւ սպասարկող պոլիկլինիկայում գրանցված բրոնխիալ ասթմայով հիվանդ մինչեւ 17 տարեկանները։
Աղի հանքի 235 մետր խորությամբ գտնվող խորշերում ծավալված 60 մահճակալն առավել մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում ամառային արձակուրդների շրջանում։
Դերենիկ Դումանյանը զրուցեց ինչպես բուժվողների, այնպես էլ մասնագետների հետ, ծանոթացավ իրականացվող բուժման մանրամասներին ու արդյունավետությանը, ինչպես նաեւ առկա խնդիրներին։ Հիվանդներից շատերը, զգալով բուժման արդյունավետությունը, տարիներ շարունակ` անգամ 20 եւ ավելի տարիներ, օգտվում են Անձավաբուժական կենտրոնի ծառայությունից։ Կենտրոնի հնարավորություններին ծանոթանալուց բացի Դերենիկ Դումանյանը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նախագահ Արեգ Ղուկասյանի հետ քննարկեց տարածաշրջանում եզակի անձավաբուժության զարգացման հնարավորությունները։ Արեգ Ղուկասյանը ներկայացրեց, թե կոմբինատն ինչ օժանդակություն է ցուցաբերում Անձավաբուժության կենտրոնի գործունեությանը։ Նախարարն ընդգծեց բուժման այլընտրանքային, արդյունավետ այս մեթոդի հնարավորություններն ընդլայնելու եւ ժամանակակից պահանջներին հարմարեցնելու կարեւորությունը։ Մոտ ապագայում կքննարկվի դրա համար անհրաժեշտ ներդրումներն ապահովելու հարցը։




























