ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանն աշխատանքից հետո աշխատողներից մի քանիսին իր մեքենայով է տուն տանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ինքը՝ Գոհար Ենոքյանը՝ հավելելով, որ երթուղայինի ուղեվարձի բարձրացումը շատ վատ է գնահատում:
«Երկիրը, ժողովուրդը այսօր այն վիճակին չեն, որ օր-օրի, ժամ-ժամ այդքան ծախսի տակ գցեն: Անկեղծ ասած, իմ ֆաբրիկայից եթե բանվորներ կան, որոնց տունն իմ տան ճանապարհին է, նրանց իմ մեքենայով տեղ եմ հասցնում, բայց ճանապարհից ուղեւոր դեռ չեմ վերցրել»,- ասաց գործարարը:
Խոսելով իրականացվող բողոքի ակցիաների մասին, նա ասաց, որ դա մարդասիրական ակցիա է, որը ողջունելի է: «Բայց դե այսպես պետությունը հո չի կարող երկար գոյատեւել: Ստաբիլ ծրագիր է պետք: Երկրի ղեկավարությունն ամեն ինչ պետք է անի, որ ժողովուրդը, եթե դեռ մնացել եւ ապրում է այստեղ, 100 տոկոսով չհիասթափվի եւ այստեղ ապրելու հնարավորություն ունենան: Մարդ կա հեռախոսով շատ չի խոսում, որ շատ գումար չծախսի, կամ թոշակառուների ծախսը երկու տրանսպորտ փոխելու դեպքում 100 դրամով ավելանում է, բայց կարող են այդ գումարով իրենց մեկ օրվա հացը գնել: Դրա համար պետք է քաղաքապետարանի բյուջեն վերանայվի եւ տրանսպորտի խնդիրը լուծվի, ոչ թե շաբաթվա այս գլխից այն գլուխը ճանապարհները քանդ ու քարափ անելուց հետո նորից ասֆալտապատել, իսկ քյասիբ ժողովրդից կոպեկներ հավաքեն»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Նա նշեց, որ օրեր առաջ է վերադարձել Վրաստանից, որտեղ հանգստանում էր: «Ճանապարհին աչքիս առաջ մեծ մեքենաներով ժողովուրդը Հայաստանից գնում էին դեպի ուր չգիտեմ: Բայց միանշանակ հանգստանալու նպատակով չէին գնում: Հուզմունքս չկարողացա զսպել եւ ասացի, թե գիտեն ավելի լա՞վ տեղ են գնում: Բայց ինձ հակադարձեցին, թե ձենս տաք տեղից է գալիս: Հասունացել է այն պահը, երբ պետք է պայման ստեղծել, որ ժողովուրդը 100 տոկոսով չհիասթափվի եւ հեռանա: Մի բուռ մարդկանցով հո երկիր չի պահպանվի»,- ընդգծեց Ենոքյանը:




























