Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մարմնի փորձաքննության արդյունքները հետաձգում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը: «Սկզբում ասացին 20 աշխատանքային օր, հիմա ասում են մեկ ամիս: Մենք սպասում ենք Մերուժանի քառասունքը տանք ու գանք մեր հարցի պատասխանն ստանալու: Ինչպե՞ս կարելի է մարդու վշտի հետ խաղալ: Տղայի մայրը անգամ որդու շիրիմին չի կարողանում գնալ, անընդհատ քնեցնում ենք, որ վշտին դիմակայի: Իսկ, երբ խնդրում է տանել որդու շիրիմին, շարունակ ուշաթափվում է: Հանուն ինչի՞, բա չիմանա՞նք, որն էր այս ամենի պատճառը»,- դժգոհեց քեռին՝ հավելելով, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ մեղավորները պատասխան տան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում, հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանը տնտեսած գումարով ցանկացել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել ի ծնե թեքված ծնոտի արատը, որ դրանից հետո նշանվի: Տղայի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը:

Ի դեպ, նրանց հարազատները եւ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները, մոտ 100 մարդ, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել եւ հավաստիացնում էին, որ պայքարելու եւ բողոքելու են այնքան ժամանակ, մինչեւ մեղավորները ազատվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Մեր էրեխուն սպանել են: Չնայած սկզբում ասում էին, որ էրեխուն, որ վիրահատել են, ծուծքը գնացել է արյան մեջ, բայց մենք ներքին կարգով ճշտել ենք, որ թթվածինը, որը քթով է գնացել, իրիկունը պոկվել, անջատվել է եւ Մերուժանը խեղդվել է: Միակ վարկածը դա է, հաստատ: Նրանց անփութության պատճառով սպանել են: Մեր երեխան առողջ էր եւ ոչ մի բանից չի դժգոհել: Իր ոտքով է վազելով բարձրացել վիրահատության: Մի ատամի ցավ չի ունեցել: Պողպատի նման առողջ էր»,- ավելացրել էր Գագիկ Սարոյանը: Երիտասարդի վիրահատության համար վճարել են 1 միլիոն 500 հազար դրամ: Վիրահատող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը: Իսկ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից փոխանցել են, որ փորձաքննության արդյունքները կտրամադրեն 20 օրից: