Գեղարքունիքի մարզում երկու ընկեր դանակահարել են Գագարին թաղամասի բնակիչներից մեկին, որից հետո դանակի սպառնալիքով նստել ճանապարհով անցնող մեքենաներից մեկը, որ փախուստի դիմեն դեպքի վայրից: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Սերգեյ Ս-ն իր ընկեր, Սեւան քաղաքի բնակիչ Վիգեն Հ.-ի հետ միասին գնացել են Գագարին թաղամաս, որտեղ վիճաբանության են բռնվել նույն թաղամասի բնակիչ Արտավազդ Ղ.-ի հետ: Վիգեն Հ.-ի կողմից վերջինիս դանակով դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելուց հետո, նրանք դեպքի վայրից փախուստի դիմելու նպատակով՝ Գագարին-Գեղամավան ավտոճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Զ-ի կողմից վարած «ԳԱԶ 3129» մակնիշի ավտոմեքենան, փորձել են հեռանալ, սակայն իրենց դա չի հաջողվել:

Տեսնելով, որ իրենց հետապնդում են երեք անձինք, իջել են մեքենայից եւ շարունակել իրենց փախուստը դեպի Գագարինի թռչնաֆաբրիկայի ուղղությամբ:

Քրեական գործ է հարուցվել  183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Այն պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով:

Իսկ 21-ամյա Վիգեն Հ-ի դեմ քրեական գործ է հարուցվել  112  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել հուլիսի 23-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: