Հայաստանի ՊՆ N զորամասում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել  Լալազարյանի մահվան փաստով, թեեւ ինքնասպանության հոդվածով է քրեական գործ հարուցվել, բայց պետք է խնդրի հաջորդ երեսն էլ ուսումնասիրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գաբրիելի քեռին՝ Արայիկը:

Նրա խոսքով՝ Գաբրիելը մահվանից առաջ, իրենց համար անհասկանալի պատճառներով, Կանազի հիվանդանոցում է  պառկած եղել: «Այս հանգամանքով էլ առանձին քննություն են վարում: Մեզ համար էլ է մութ»,- նշեց Արայիկը: Նա միանշանակ հավաստիացրեց, որ տղան մինչեւ բանակ գնալը հոգեկան խնդիրներ չի ունեցել, իսկ ծառայության ընթացքում ոչ գումար է պահանջել, ոչ ծանրոց:

«Անգամ, որ հարցնում էի, թե. «ի՞նչ է պետք ուղարկեմ», ասում էր. «Ոչ մի բան, գիտես, որ ոչ խմում եմ, ոչ ծխում: Փողն ի՞նչ եմ անում»,- ավելացրեց քեռին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գաբրիել Լալազարյանի ծնողները Ռուսաստանում են տեղեկացել կատարվածի մասին եւ շտապել Հայաստան: Շաղատ  գյուղի գյուղապետ Տիգրան Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գաբրիելը մոտ 7 տարի է, ինչ ծնողների եւ 3 եղբայրների հետ գյուղից մեկնել էր Ռուսաստան բնակության, սակայն ամիսներ առաջ վերադարձել էր ծառայության անցնելու եւ հայրենիքին իր պարտքը տալու: Ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Գաբրիելից առաջ մեծ եղբայրն է եկել ծառայել եւ գնացել, իսկ փոքր եղբայրը մեկ տարի հետո պետք է ծառայության գար:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի  դին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ  փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: