Երեւանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են մասնավոր 43  կազմակերպություններ։ Այդ մասին նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Հատկանշական է, որ 2012 թ. մարտին հաստատվել է Երեւանի նոր երթուղային ցանցը, որտեղ միկրոավտոբուսային երթուղիները 95-ից կրճատվել են մինչեւ 76-ի (1565 շարժակազմով): Դրանց պետք է փոխարինեն ավտոբուսներն ու տրոլեյբուսները:

2012թ. ընթացքում անցկացված մրցույթների շնորհիվ ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներ են ներգրավվել հիմնականում «ԳԱԶԵԼ»  մակնիշի  միկրոավտոբուսներ  (այդ  թվում՝  21 հատ նոր), շահագործումից հանվել են բոլոր «ՌԱՖ» եւ «ԵՐԱԶ» մակնիշների միկրոավտոբուսները։

Քաղաքապետարանի կայքում նշված է նաեւ հետեւյալը. «մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումը հիմնականում միկրոավտոբուսներով անընդունելի է, ուստի, ուղեւորափոխադրման գործընթացում միկրոավտոբուսների թվի նվազեցումը եւ դրանց փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի»։