Միջին աշխատավարձ ստանալու համար (օրական 4-5 հազար դրամ) տաքսիստը Երեւանում պետք է մինչեւ 250 կմ վարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը:
«1,2 խմ-անոց գազի բալոնի լիցքավորումը ներկայումս արժե 3 հազար դրամ: Մեկ անգամ լիցքավորելով տաքսիստը կարող է մեքենան վարել 180-200 կմ եւ վաստակել 9-10 հազար դրամ»,-ասաց Դոստուրյանը:
Լիցքավորման գումարը վճարելուց հետո, մնացած 6-7 հազար դրամից պետք է առանձնացնել 1500-2000 դրամ՝ քաղաքում մեքենան կայանելու եւ ԱՊՊԱ-ի համար: Մնում է օրական 4-5 հազար դրամ, իսկ եթե պետք է վճարել նաեւ ապառիկ գնված մեքենայի համար, ապա տակն ավելի քիչ գումար է մնում: Եւ սա այն դեպքում, եթե վարորդը քաղաքում կշրջի 250 կմ, այսինքն քաղաքային պայմաններում 9-10 ժամ, չհաշված հանգիստը, նշեց նա:
«Ի դեպ, այդ 250 կմ-ի մի մասը վարորդները լինում են առանց ուղեւորի: Ամենահաջող օրերին անգամ վարորդն իր աշխատանքի 30-40 տոկոսը անցնում է ուղեւորի փնտրտուքով»,-նկատեց Դոստուրյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է եւ անհատ տաքսիստներին, եւ տաքսի ծառայություններին:
Օրական այդ 4-5 հազար դրամն աշխատելու համար տաքսիստը 16-17 պատվեր է կատարում: «Բայց նրանցից ոչ բոլորն են երկար տարածություն գնում: Նրանցից 6-7-ը, որպես կանոն, կարճ տարածություն են գնում, այսինքն նվազագույն 600 դրամի սահմաններում: Եվս 7-8 պատվերների համար տաքսիստն ստանում է մոտ 1000-ական դրամ: Եվ վերջապես օրական 2-3 պատվերից վարորդն ստանում է 2-3 հազարական դրամ: Իհարկե, այս պատկերը միջինացված է, բայց շատ բանի մասին է խոսում»,-հայտարարեց Դոստուրյանը՝ հավելելով, որ այս պայմաններում տաքսիստների շահերից է բխում բարձրացնել 1 կմ-ի ուղեվարձի սակագինը: «Բայց այդ դեպքում ուղեւորներին թիվը կտրուկ կնվազի: Ահա այսպիսի ոչ հեշտ ընտրության առջեւ ենք ուստի պետությունը պետք է ինչ-որ կերպ կարգավորի այդ ոլորտը, հետեւից, որպեսզի չաշխատեն ոչ օրինական վարորդները: Դա մեզ կօգնի»,-հավելեց նա:





























