Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» եւ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարներ Անահիտ Բախշյանն ու Թամարա Պողոսյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացել են Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը եւ ստորագրահավաքն արդեն սկսված է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենց խմբակցությունը անդամներն արդեն ստորագրել են, առավոտյան ձեւաթուղթը պետք է փոխանցեն ԲՀԿ-ին, որպես իրենք եւս ստորագրեն:

Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ առնվազն 22 ստորագրություն երկու խմբակցությունները կկարողանան հավաքել, եթե ԲՀԿ խմբակցության 17 անդամներից առնվազն 16-ը ստորագրի:

Ստորագրահավաքը սկսվել է այսօր` հուլիսի 24-ին, ժամը 17.00-ին, այն պետք է ավարտեն 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության: Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Նշենք, որ Free car-ի ակցիայի նախաձեռնողը դերասան Հայկ Մարությանն է, այնուհետեւ նրան են միացել «Կարգին սերիալի» անձնակազմի մյուս անդամները` Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը,Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը,Լալա Մնացականյանը երգիչներ Արթուր Իսպիրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Օլգա Այվազյանը, «Վիտամին ակումբի» տղաները` Վաչեն, Գարիկը, Արմուշը, «Արմքոմեդիից» Սերգեյ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը եւ այլք: