Համաձայն վերջին տվյալների՝ Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում երկաթուղային վթարի զոհ է դարձել առնվազն 77 մարդ, 143 հոգի վիրավորվել է, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային դատարանի ներկայացուցչին: Գործակալության տվյալներով՝ փրկարարները փլատակների ու բեկորների տակից դուրս են բերել 73 մարմին: Եվս 4 մարդ զոհվել է հիվանդանոցում:
Ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանից ոչ հեռու: Շրջվել են բոլոր 13 վագոնները, որոնցից ամենավերջինն ամբողջությամբ ոչնչացել է: Գնացքում, ընդհանուր առմամբ, եղել է 218 ուղեւոր, ինչպես նաեւ մեքենավարն ու սպասարկող անձնակազմը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Որոշ տվյալների համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Վթարի պահին այն ընթացել է 220 կմ/ժ արագությամբ՝ չնայած որ այդ հատվածում թույլատրելի արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ: Այլ տվյալների համաձայն՝ գնացքը շարժվել է 180կմ/ժ արագությամբ, ինչը եւս գերազանցում է սահմանված ցուցանիշը:
Տեղ բնակիչների մի մասը հաղորդել է, որ վթարի պահին պայթյուն է լսել: Իսպանիայի ՆԳՆ-ն բացառում է ահաբեկչության վարկածը:





























