Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ հուլիսի 25-ին հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ ուղղված երեւանցիներին: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նշենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստին չի մասնակցում:
Կ. Արեյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետն անձամբ հետեւում է սակագնի հետ կապված հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, գնահատականներին, առաջարկություններին, հանդիպել է հասարակական եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, իրականացրել է սոցհարցումներ: Ներկայումս քննակումներ են ընթանում Երեւանի ավագանու կուսակցական խմբերի հետ: Կ. Արեյանը հավաստիացրեց, որ քաղաքապետը կամփոփի բոլոր տեսակետները եւ կդիմի երեւանցիներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:
Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:




























