Ծաղկաձորի «Կեչի» հանգստյան տանը հուլիսի 22-ին աշխատանքն ավարտել է  ռուսաստանցի հայրենակիցների ամառային ճամբարը:

NEWS.am-ի թղթակցին «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցիչ Լիանա Ազոյանը հայտնել է, որ 60-ից ավելի 9-13 տարեկան դպրոցականներ 12 օրվա ընթացքում համատեղել են հաճելին ու օգտակարը: Փորձառու մասնագետները անհատական նախընտրություններին համապատասխան զարգացնող պարապմունքներ են անցկացրել: Երեխաները շախմատի եւ շաշկիի մրցումների են մասնակցել,  ցուցադրել են նկարչության, երգի, պարի, ասմունքի, դաշնակահարության ասպարեզում եւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում իրենց ունակությունները:

Բացօթյա խաղեր են կազմակերպվել, արշավներ անտառում, զբոսանքներ քաղաքում, մարզական մրցումները համատեղվել են ռուսաց լեզվի, «Էկոլոգիայի» եւ «Այս ուրախ դարձվածաբանությունները» ժամանցային  հագեցած դասերի հետ: Եղել են նաեւ դաս-զրույցներ հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորման եւ զարգացման թեմայով: