Քիչ առաջ քաղաքապետարան եկավ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարները, որոնք բողոքում են տրոնսպորտի ուղեվարձի թանկացման դեմ եւ 50-դրամանոցի պատկերով տորթ էին բերել քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, խնդրեցին Սանասարյանին, որպեսզի նա՝  ավագանու անդամ, տորթը փոխանցի քաղաքապետարանին, քանի որ իրենք մուտք գործելու իրավունք չունեն:

Դավիթ Սանասարյանը ծափահարությունների ներքո վերցրեց տորթը ու մտավ քաղաքապետարանի շենք:

Նշենք, որ տորթի վրա գրված է. «Կերեք, կշտացեք»:

Ցուցարարները քաղաքապետարանի մոտից բաժանվեցին խմբերի, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներում շարունակեն «Մի վճարեք 150 դրամ» ակցիաները:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության: Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Նշենք, որ Free car-ի ակցիայի նախաձեռնողը դերասան Հայկ Մարությանն է, այնուհետեւ նրան են միացել «Կարգին սերիալի» անձնակազմի մյուս անդամները` Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը,Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը,Լալա Մնացականյանը երգիչներ Արթուր Իսպիրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Օլգա Այվազյանը, «Վիտամին ակումբի» տղաները` Վաչեն, Գարիկը, Արմուշը, «Արմքոմեդիից» Սերգեյ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը եւ այլք:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am